ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

--------------------‐--------------------‐

Ամփոփելով «Հայաստանի քանդվող ապագան` փակվող դպրոցներ» աշխատաժողովի արդյունքները՝ արձանագրում ենք․

1․ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից «Հայաստանի Հանրապետության կրթության որակյալ ծառայությունների ապահովման ծրագրի» քողի տակ նախատեսվող թվով 229 հանրակրթական դպրոցների փակման գործընթացի հետևանքներն ուղղակի սպառնալիք են պետության անվտանգությանը, քանի որ այն հանգեցնելու է․

  • Ա․ Կրթության ոլորտում՝ հանրապետական ցանցի համակարգային քանդման,
  • Բ․ Ժողովրդագրական ոլորտում՝ գյուղերի դատարկման և «մահվան»,
  • Գ․ Տարաբնակեցման ոլորտում՝ համակարգի կենսունակության փլուզման,
  • Դ․ Սոցիալ-տնտեսական ոլորտում՝ տեղական տնտեսությունների ոչնչացման,
  • Ե․ Անվտանգության ոլորտում՝ սահմանների խոցելիության և ֆիզիկական անվտանգության բարձրացման, և այս ամենով հանդերձ պետականության գոյատևման սպառնալիքի։

2․ Անհրաժեշտ է ձևավորել դիմադրության հանրային լայն ճակատ, որպեսզի չեղարկվի պետականակործան այս ծրագիրը, որի համար անհրաժեշտ է․

  • Ա․ Ծրագրի կործանարար հետևանքների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել մարզերում՝ հանրային քննարկումների միջոցով․
  • Բ․ Փակվող դպրոցների աշխատակազմի, ծնողների և գյուղաբնակների ինքնակազմակերպմամբ ձևավորել սեփական շահերի պաշտպանության տեղական կենտրոններ,
  • Գ․ Հասարակական ազգային կառույցների ներկայացուցիչներից ձևավորել մասնագիտական հանձնաժողով՝ գործընթացի հետևանքների առավել մանրակրկիտ ուսումնասիրության և հանրությանը ներկայացնելու համար,
  • Դ․ ՀՀ օրենքի սահմաններում իրականացնել հանրային լայն ճնշում,
  • Ե․ Համապատասխան որոշումները չեղարկելու համար ապահովել դատաիրավական գործընթացի մեկնարկ։

3․ Կոնկրետ աշխատաժողովին ՀՀ ԿԳՄՍՆ-ի անսպասելի արագ արձագանքի վերաբերյալ․

  • Ա․ Շղարշող եզրույթներն ու բառախաղերը չեն փոխում իրականությունը։ Ինչպես էլ ձևակերպվի երևույթը, «Ազգային կրթության խորհուրդը» վերահաստատում է, որ այս պահին դեռ ուժի մեջ է հանրապետության թվով 229 հանրակրթական դպրոցներում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ուսումնական գործընթացի դադարեցման որոշումը, այսինքն՝ դպրոցների փակման գործընթացը։ Ավելին, այն ապահովելու քայլերն արդեն իրականացվում են, և թիրախ խմբերը՝ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ ու գյուղաբնակներ, արդեն ներգրավված են գործընթացում։
  • Բ․ Ցավով ենք արձանագրում, որ նույնիսկ ԿԳՄՍՆ-ում չեն կարող ընկալել և տարբերակել իրականությունը բառախաղային ձևակերպումներից։ Իսկ, եթե ընկալում և տարբերակում են, ապա նրանց գործունեությունը կարելի է բնութագրել հասարակությանը մոլորեցնելու դիտավորյալ քայլ։
  • Գ․ «Ազգային կրթության խորհուրդը» պատրաստ է ԿԳՄՍՆ ցանկացած պատասխանատուի հետ, ցանկացած ձևաչափով և հարթակով, ցանկացած տիպի՝ գիտական, մասնագիտական ու հանրային բաց բանավեճի։

«Ազգային կրթության խորհուրդ»

21․02․2026